Սկսնակ լրագրողների մեծ մասին թվում է, որ եթե երկրի նախագահի հետ հարցազրույց անցկացնի, ապա կդառնա հայտնի եւ դա կլինի իր կարիերայի գագաթնակետը: Իհարկե, միգուցե որոշ ժամանակ նրան հիացմունքով եւ նախանձով նայեն իր գործընկերները, բայց կանցնի ժամանակ եւ նրա մասին բոլորը կմոռանան: Լրագրողի համար հաջողություն կլինի ոչ թե ինքնին հարցազրույցի փաստը առաջին դեմքի հետ, այլ այն, թե ինչ հարցեր է շոշափել այդ զրույցի ընթացքում եւ որքանով է նրան հաջողվել ստանալ պատասխաններ, որոնք հետաքրքրում եւ հուզում են հասարակությանը: Եւ հետո մեր մասնագիտությունը պահանջում է ամենօրյա հաջողություներ, մեկ հարցազրույցը ոչինչ չի որոշում:
Պետք է խոստովանեմ, որ ես էլ էի ինձ զգում 7-րդ երկնքում, երբ առաջին անգամ հանրապետության փաստացի ղեկավարն ինձ հարցազրույց տվեց: Փաստացի, որովհետեւ այն ժամանակ` 1998 թվականի մարտին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահի պաշտոնակատարն էր, նախագահի թեկնածուն եւ վարչապետը: Նախագահի թեկնածուի մամուլի քարտուղարը (ներկայիս ԱԺ-ի պատգամավոր Աղվան Վարդանյանը) հարցազրույցի իմ խնդրանքը չմերժեց: Հարցերը նախապես պատրաստեցի, թեեւ իհարկե, զրույցի ընթացքում նախատեսում էի հանդես գալ նաեւ նոր հարցերով:
Գիտեի նաեւ, որ Քոչարյանը սովորաբար ցածր է խոսում եւ պետք է ձայնագրիչը մի քիչ մոտ պահել՝ իհարկե պահպանելով էթիկայի կանոնները (մեր որոշ վայ-լրագրողներ երբեմն ձայնագրիչը ուղղակի «խոթում են» զրուցակցի բերանը): Ինձ կառավարության շենքում արդեն սպասում էին` առաջինը, ով բարեւեց ինձ, Գրիգորի Սարկիսյանն էր, որն այն ժամանակ կատարում էր ե՛ւ վարչապետի վարորդի, ե՛ւ թիկնապահի դերը: Իսկ ընդունարանում դիմավորեցին վարչապետի մամլո քարտուղար Հասմիկ Պետրոսյանը եւ այն ժամանակվա օգնական, ներկայիս փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Մինչեւ կառավարության ղեկավարի դուռը բացելն ինձ զգուշացրին, որ ժամանակը սահմանափակ է եւ 25-30 րոպեից ավելի խոսել չի կարելի: Ես իհարկե, փորձեցի ըմբռնումով մոտենալ այդ խնդրանքին, սակայն զրույցի ընթացքում այնքան էինք տարվել, որ մի 2-3 անգամ ներս էր մտնում վարչապետի օգնականը եւ ցույց տալով ժամացույցին հասկացնում էր, որ ժամանակն է «կարճ կապել»: Հետաքրքիր է, որ Քոչարյանի հետ հարցազրույցի ժամանակ մենք միայնակ էինք, ոչ ոք ներկա չէր մեր զրույցին: Պետք է նշեմ, որ Քոչարյանը պատասխանեց իմ բոլոր հարցերին եւ նույնիսկ չակնարկեց, որ մեր ժամանակը սպառված է եւ պետք է ավարտել զրույցը: Այդ հարցազրույցի ընթացքում ես ունեցա միայն մեկ դժվարություն` վերծանել ձայնագրածս: Պարզվեց, որ չնայած իմ ձեռնարկած բոլոր միջոցներին, ձայնագրիչից մի կերպ կարելի էր լսել պատասխանները` հանրապետության նախագահի պաշտոնակարատը կրկին շատ ցածր ձայնով էր խոսել: Ստիպված էի ամբողջ գիշեր մինչ առավոտվա ժամը 6-ը զբաղվել տեքստի վերծանմամբ` ամեն մի նախադասությունը մի քանի անգամ լսելով:
Այդ հարցազրույցը` հաշվի առնելով բազմաթիվ արտատպումները տեղական եւ արտերկրի մամուլում, կարծում եմ՝ հաջողված էր: Քոչարյանի տարբեր տեսակետների հետ հասարակությունն առաջին անգամ ծանոթացավ այդ հրապարակման միջոցով: Ինչի շնորհիվ էլ ինձ եւս մեկ անգամ հաջողվեց հարցազրույց վերցնել հանրապետության երկրորդ նախագահից: Հարցազրույց եմ ունեցել նաեւ Մոլդովայի նախագահ կոմունիստ Վլադիմիր Վորոնինի, Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի եւ նախագահական ընտրություններում նախընտրական քարոզարշավ անցկացնող նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ (Աբովյանում): Սակայն ոչ մի անգամ հարցազրույցի համաձայնություն չի տվել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չգիտես ինչու նա նախընտրում էր մեծամասամբ շփվել արտասահմանցի լրագրողների հետ:
Սկսնակ լրագրողներին խորհուրդ կտայի մինչ առաջին դեմքի հետ հարցազրույցի գնալը նախօրոք պատրաստել հարցերը, զրույցի ընթացքում չփորձել անպայման դուր գալ զրուցակցին, այդ իսկ պատճառով էլ հարցերը պետք է լինեն արդիական, որոնք հուզում են հասարակությանը:
Մի համաձայնվեք նաեւ գրավոր հարցազրույցին, երբ հարցերը նախօրոք ուղարկվում են, իսկ պատասխանները գրվում են սովորաբար մամլո քարտուղարի կողմից: Անմիջական զրույցին ոչինչ չի փոխարինի, հատկապես առաջին դեմքի հետ:
Երբեք զրույցի ընթացքում մի կաշկանդվեք, մի թողեք, որ զրուցակիցը խոսքերի տարափի միջոցով խուսափի հարցի պատասխանից:
Ուղղորդեք զրուցակցին, եթե տեսնում եք, որ նա խուսափում է ըստ էության պատասխանել ձեզ:
Աշխատեք քաջատեղյակ լինել այն հարցերից, որոնք պատրաստվում եք տալ նախագահին` պաշտոնյաներին դուր են գալիս տեղեկացված լրագրողները:
Եղեք ժպտերես եւ մի’ լարվեք. նախագահը ձեր նման մարդ է եւ զուրկ չէ այն ամենից, ինչը բնորոշ է հասարակ մահկանացուին:
Տիգրան Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: